ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան այցից, Չինաստանի նախագահ Սի Ձինպինի Մոսկվա և Մինսկ այցերից հետո Եվրասիական տարածքում չինական թեման դոմինանտ է դառնում: «Մետաքսի մեծ ճանապարհը», եթե դառնա իրականություն, փոխելու է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական իրողություները: Հայաստանն այդ ճանապարհի մաս եղել է և կարող է դառնալ հիմա: Համենայն դեպս՝ Պեկինում կնքված համագործակցության համաձայնագրերով: Իսկ այդ դեպքում կբացի՞ Թուրքիան իր սահմանը Հայաստանի հետ, թե՞ կշարունակի Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահպանելու համար պատերազմական վիճակը Հայաստանի հետ՝ շրջափակումը համարվում է պատերազմի բաղադրիչ մաս, դառնում է միայն Անկարայի անձնական գործը: «Մետաքսի մեծ ճանապարհին» գտնվող որևէ պետություն չի կարող շրջափակված համարվել:
Արևմուտքի հետ պատժամիջոցային հարաբերությունների համապատկերում հաճախ է շրջանառվում ռուս-չինական միության ստեղծման գաղափարը, որը վերջ կդներ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական լիդերի հավակնություններին: Բայց ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը չեն շտապում միություն ստեղծել՝ գրում է չինական «Ժենմին Ժիբաոն»: ՈՒկրաինական ճգնաժամը, Արևմուտքի պատժամիջոցները, Մեծ հայրենականի 70-ամյակը, ռուս-ամերիկյան դիմակայությունը՝ արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումների կենտրոնում այս թեմաներն են, և՝ ՉԺՀ-ի ու ՌԴ-ի նախագահների հանդիպումը: Նորից է շրջանառվում երկու պետությունների միության ստեղծման գաղափարը: Համարվում է, որ ռուս-չինական միությունը, բացի ԱՄՆ-ի կայսրություն կառուցելու հավակնությունների վախճանը լինելուց, ռազմավարական ընտրություն է, որ անհրաժեշտ է երկու երկրներին գոյատևելու համար: Սակայն ոչ Պեկինը, ոչ Մոսկվան միության գաղափարը չեն ընդունում: Դեռ կա տնտեսական փոխլրացման, քաղաքական փոխօգնության ու ռազմական փոխգործակցության տարածք: Հաշվի առնելով՝ արտաքին ռազմավարությունը, Չինաստանն ու Ռուսաստանը չեն դիմի Արևմուտքի հետ լիակատար հակամարտության տարբերակին: Չին-ռուսական համապարփակ ռազմավարական համագործակցության ու գործընկերության հարաբերությունները գործնական հողի վրա են, հանուն բարձրամակարդակ զարգացման, միության ստեղծումը չի բարձրացնի համագործակցության արդյունավետությունը: Միության համեմատությամբ՝ ներկա երկկողմ հարաբերությունները բազմաֆունկցիոնալ են, ճկուն և բազմակողմանի՝ գրում է «Ժենմին Ժիբաոն»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չինական «Ժենմին Ժիբաոն» Ռուսաստան-Չինաստան միության չստեղծման իր փաստարկներում չի նշել գլխավորը՝ քաղաքական կարգավիճակը: Ի՞նչ կարգավիճակ կարող են այդ միությունում ունենալ երկու պետությունները, ո՞րը կդառնա դոմինանտ, և՝ ո՞ր ոլորտներում: Միության չստեղծման հիմնական պատճառը քաղաքական անկախության անխուսափելի կորուստն է: Իսկ երկկողմ համագործակցությունը, ինչպես համագործակցության այլ ձևաչափերը իսկապես թե՜ ավելի ճկուն են, թե՜ խոստումնալից: Այնպես որ Չինական պատը այս դեպքում իսկապես պաշտպանում է Պեկինին՝ աշխարհաքաղաքական տարածքում: Ճիշտ այնքան, որքան՝ Մոսկվային: Եվ նույն այդ Չինական պատը հիանալի սկիզբ է «Մետաքսի մեծ ճանապարհի» համար: